-webp(85)-o(jpg).webp?token=4ff085d4b860019478a4a8e8828e818b)
Հոկտեմբերի 5-ին Երևանի «Ուրարտու-1» մարզադաշտում տեղի ունեցավ Fastex Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի «Ուրարտու» – «Նոա» հանդիպումը։
ՍԿԻԶԲԸ
Հանդիպման մեկնարկը բավականին ակտիվ սկսեցին դաշտի տերերը։ Զգացվում էր «Նոայի» փոքր–ինչ հոգնածությունը, քանի որ տղաներն ընդամենը 3 օր առաջ էին ծանր հանդիպում անցկացրել ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում։
ՉԱՆՉԱՐԵՎԻՉԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հանդիպման 40-րդ րոպեին մրցավար Արտեմ Գասպարյանը 11-մետրանոց հարված նշանակեց «Նոայի» դարպասին։ Այդ դրվագի հերոս դարձավ Օգնյեն Չանչարևիչը, որը հիանալի սեյվով փրկեց իր թիմին վերահաս գոլից։
ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍՆ ՈՒ «ՆՈԱՅԻ» ՉԵՂԱՐԿՎԱԾ ԳՈԼԵՐԸ
Երկրորդ կեսում «Նոան» ավելի շատ սկսեց տիրել նախաձեռնությանը։ Անգամ մեր թիմը կարողացավ երկու անգամ գրավել մրցակցի դարպասը, սակայն, ցավոք սրտի, գոլերը չեղարկվեցին։ Երկու դեպքում էլ գոլի հեղինակ դարձավ Գուստավո Սանգարեն, սակայն առաջին դեպքում կիսպաշտպանը խախտել էր կանոնները մրցակցի հետ պայքարում, իսկ երկրորդ գոլի դրվագում գտնվում էր խաղից դուրս վիճակում։
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ–ոքի։
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Այս խաղից հետո «Նոան» վաստակած 17 միավորով գտնվում է 3-րդ հորիզոնականում, և ունենալով 1 բաց թողած հանդիպում, առաջին հորիզոնականում ընթացող «Ալաշկերտից» հետ է մնում ընդամենը 2 միավորով։
Ի՞ՆՉ ՍՊԱՍԵՆՔ
Fastex Պրեմիեր լիգան գնաց միջազգային դադարի և կվերադառնա հոկտեմբերի 18-ին։ Այդ օրը «Նոան» սեփական հարկի տակ առաջնության երկրորդ շրջանի առաջին խաղում կմրցի կրկին «Ուրարտուի» հետ։